Posted in Պատմություն 6.10

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար: I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:

Վերջին Արտաշեսյանների օրոք Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա: 2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը: Հասնելով Արշարունյաց գավառը` հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին:

Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:

Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.)։

Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես: Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները:

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի: Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից: Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղա- քականության:

Հայոց արքա Աբգար: I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով: Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը Հյուսիսային (Հայկական) Միջագետքում գտնվող Ուռհա-Եդեսիայում։

Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը: Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար V թագավորը (4-7 թթ., 13–50 թթ.): Նրա թագավորության տիրույթների մեջ էին մտնում նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները:

Հայոց արքա Աբգարը, իմանալով իր պարթև ազգականների միջև ծագած խռովության մասին, մեկնում է Պարթևստան: Խռովությունը հարթելուց հետո նա ծանր հիվանդանում է և վերադառնում Եդեսիա: Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին: Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում: Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին` Սանատրուկ 1-ը, իսկ Եդեսիայում` Աբգարի որդին:

Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում: Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին:

Պայքար Հռոմի դրածոների դեմ։ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատին հայերը վտարում են երկրից: Սակայն Միհրդատը հռոմեական ուժերի օգնությամբ կրկին բռնազավթում է Մեծ Հայքի գահը: Այդ դաժան անձնավորությունը առաջացրել էր հայ ժողովրդի ատելությունը: Միհրդատի եղբորորդին` Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, 51 թ. Արտաշատում զավթում է գահը: Դա առաջացնում է հայ ժողովրդի ցասումը:

Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք: Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր: 52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: Հռադամիզդը, փախչում է Վիրք: Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *