Posted in Պատմություն 6.10

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Արտաշես II–ի գահակալումը: Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստան վերադարձնելու իր եղբայրներին, սակայն հաջողություն չունեցավ:
Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը: Նա հատեց դրամներ` իր պատկերով ու «Արքայից արքա» մակագրությամբ:

Իր ներքին հարցերը կարգավորելուց հետո Հռոմը կրկին ուշադրությունը սևեռեց Արևելքի վրա: Ք. ա. 20 թ. հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ տարված որդիներից Տիգրանը: Նա 14 տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին, որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II–ն անհայտ հանգամանքներում սպանվեց: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:

Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։
Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *